Դիմել մեզ

Ի՞նչ է ՄԻԱՎ-ը և OraQuick ինքնաթեստավորումը

Ի՞նչ է ՄԻԱՎ-ը և OraQuick ինքնաթեստավորումը

02.07.2026
Ի՞նչ է ՄԻԱՎ-ը և OraQuick ինքնաթեստավորումը

Ի՞նչ է ՄԻԱՎ-ը

Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) ախտահարում  է մարդու իմունային համակարգը։ Եթե ՄԻԱՎ վարակը ժամանակին չի հայտնաբերվում և չի բուժվում, իմունային համակարգը աստիճանաբար թուլանում է և առաջանում է ՁԻԱՀ (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ)։ Դա ՄԻԱՎ վարակի վերջին ծանր փուլն է, երբ օրգանիզմը դառնում է խոցելի տարբեր վարակների և ուռուցքների նկատմամբ։

ՄԻԱՎ վարակ ունեցող մարդը երկար ժամանակ կարող է չունենալ ախտանշաններ կամ գանգատներ: Սեռական զուգընկերոջ արտաքին տեսքից հնարավոր չի իմանալ, որ նա ունի ՄԻԱՎ:

Ններկայումս ՄԻԱՎ-ը ժամանակին ախտորոշելուև արդյունավետ բուժելու շնորհիվ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կարող են վարել երկար և լիարժեք կյանք։

Ինչպե՞ս է փոխանցվում ՄԻԱՎ-ը

ՄԻԱՎ-ը փոխանցվում է երեք հիմնական ուղիներով՝

  • Սեռական ճանապարհով՝ անպաշտպան սեռական հարաբերությունների միջոցով։
  • Արյան միջոցով՝ վարակված արյան հետ շփման կամ ընդհանուր ներարկիչների և այլ սուր-ծակող պարագաների օգտագործման դեպքում։
  • Մորից երեխային՝ հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրման ընթացքում, եթե կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվում։

ՄԻԱՎ-ը ՉԻ փոխանցվում՝

  • Ձեռքսեղմման կամ գրկախառնության միջոցով։
  • Համատեղ սնվելու, սպասքի օգտագործման միջոցով։
  • Հասարակական տրանսպորտից, լողավազաններից կամ նույն զուգարանից օգտվելիս։
  • Մոծակների կամ այլ միջատների խայթոցների միջոցով։

Ինչպե՞ս պաշտպանվել

  • Դրսևորել անվտանգ վարքագիծ և նվազեցնել ՄԻԱՎ վարակվելու ռիսկերը։
  • Սեռական հարաբերությունների ժամանակ ճիշտ և կանոնավոր օգտագործել պահպանակներ։
  • Օգտագործել միանվագ օգտագործման ասեղներ և ներարկման պարագաներ։
  • Բժշկական և կոսմետիկ միջամտությունների ժամանակ օգտագործել միայն ստերիլ գործիքներ։
  • Եթե անձը կարծում է, որ կարող է հայտնվել վարակի փոխանցման ռիսկային իրավիճակում, պետք է դիմել մասնագետի՝ ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։
  • Պարբերաբար անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, և ՄԻԱՎ հայտնաբերման դեպքում ընդգրկվել բուժման մեջ:

Կարգապահորեն բուժվելու  դեպքում վիրուսը հասնում է չհայտնաբերվող մակարդակի, ինչի շնորհիվ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կարող են պահպանել առողջությունը, վարել լիարժեք և ակտիվ կյանք, աշխատել, ստեղծել ընտանիք և ունենալ առողջ երեխաներ։

ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերումն ու ժամանակին սկսված բուժումը կանխում է վարակի հետագա փոխանցումը։ Բուժումը նու´յնպես կանխարգելում է

OraQuick ՄԻԱՎ ինքնաթեստի մասին

OraQuick ՄԻԱՎ ինքնաթեստը լնդային արտազատուկի հիման վրա իրականացվող պարզ թեստ է, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն, արագ և գաղտնի ստուգվել ՄԻԱՎ-ի նկատմամբ։

Ե՞րբ օգտագործել թեստը

Թեստը կարող է չհայտնաբերել վերջերս ձեռք բերված ՄԻԱՎ վարակը։

Եթե կարծում եք, որ վերջին 3 ամիսների ընթացքում հնարավոր շփում եք ունեցել ՄԻԱՎ-ի հետ, դիմեք բուժաշխատողի՝ լրացուցիչ հետազոտության և խորհրդատվության համար։

Ինչպե՞ս օգտագործել թեստը

  1. Պատրաստվեք․ Ատամները լվանալուց կամ բերանի ողողման հեղուկ օգտագործելուց հետո սպասեք առնվազն 30 րոպե, իսկ ուտելուց, խմելուց, ծխելուց հետո՝ առնվազն 15 րոպե։
  2. Պատրաստեք թեստը․ Բացեք փաթեթը և փոքր փորձանոթը տեղադրեք նախատեսված հենարանի մեջ։ Հանեք փորձանոթի կափարիչը։
  3. Վերցրեք նմուշը․ Հանեք թեստի ձողիկը փաթեթից։ Մի՛ դիպչեք տափակ բարձիկին մատներով։ Այն ամուր սեղմեք վերին լնդերի արտաքին հատվածին և մեկ անգամ անցկացրեք ամբողջ արտաքին լնդագծով։ Նույն գործողությունը կրկնեք ստորին լնդերի վրա՝ օգտագործելով նույն բարձիկը։
  4. Տեղադրեք թեստը․ Ձողիկն անմիջապես տեղադրեք փորձանոթի մեջ մինչև այն դիպչի հատակին։
  5. Սպասեք․ Թողեք  թեստը փորձանոթի մեջ 20 րոպե` մինչև արդյունքի ստանալը։ Մի պահեք 40 րոպեից ավել

Արդյունքների մեկնաբանություն

Բացասական արդյունք` թեստի մեջ երևում է մեկ կարմիր գիծ։

Բացասական արդյունքը նշանակում է, որ ՄԻԱՎ-ի հակամարմիններ չեն հայտնաբերվել։

Եթե վերջերս ունեցել եք ՄԻԱՎ-ով վարակվելու հավանական ռիսկ, հնարավոր է պետք լինի կրկնել թեստավորումը երկու շաբաթ հետո։

Դրական արդյունք` թեստի մեջ երևում է երկու կարմիր գիծ։

Դրական արդյունքը դեռևս չի նշանակում, որ օրգանիզմում կա ՄԻԱՎ վարակ։

Բոլոր դրական ինքնաթեստերի արդյունքները պետք է այնուհետև հաստատվեն այլ լաբորատոր հետազոտություններով։

 

Օգնությա՞ն կարիք ունեք

Եթե ունեք հարցեր ՄԻԱՎ-ի, ինքնաթեստի կամ արդյունքների վերաբերյալ, կարող եք դիմել՝

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն (ԻՀԱԿ)

Թեժ գիծ՝ 8424

Հասցե՝ Հրաչյա Աճառյան փողոց 2, Ավան, Երևան կամ Արնո Բաբաջանյան փողոց 42, Մալաթիա-Սեբաստիա, Երևան

Եթե Ձեր թեստի արդյունքը ռեակտիվ է կամ կարծում եք, որ հնարավոր է ենթարկված լինեք ՄԻԱՎ վարակի ռիսկի, հնարավորինս շուտ դիմեք ԻՀԱԿ՝ խորհրդատվության, հետազոտության և հետագա աջակցության համար։